(մեր ժամանակների ազնիվ ֆիդայի Վարուժան Կարապետյանին)
Հայրենիքում իր մահկանացուն կնքեց Հայ վրիժառու Վարուժան Կարապետյանը:
80-ական թվականներին, երբ Լիբանանում ստեղծվեց Հայ ազատագրական պայքարի զինված Բանակը, շշուկներ էին շրջում այդ մասին Հայաստանում:
Այդ լուրերը մարդիկ մի կերպ որսում էին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդումներից, որոնք հատուկ սարքերի միջոցով սովետական իշխանությունը խլացնում էր:
Փարիզի Օռլիի օդանավակայանում թուրքական օդանավի վրա կատարված ահաբեկչական գործողության լուրը այդպես իմացանք «Ազատությունից»։
Իմացանք, որ մասնակիցներից մեկին դատապարտել են ցմահ բանտարկության:
Տարիներ անց` գորբաչովյան վերակառուցման տարիներին` 1989 թվին,երբ թուլացել էին սովետի հիմքերը, և տեղեկատվության դուռ-պատուհանները մի փոքր բացվել էին, այդ օրերի երևանյան թերթերից մեկում Վարուժան Կարապետյանի մասին մի հոդված լույս տեսավ, որտեղ հեղինակը հորդորում էր նամակ գրել նրան` հոգեպես սատարելու համար:
Թերթում գրված էր նաև բանտի հասցեն:
Ես հաջորդ օրը արտասահմանյան երկրներ ուղարկվելիք նամակների համար հատուկ ծրար գնեցի,
գրեցի նամակը և կենտրոնական փոստից ուղարկեցի:
Անցավ մոտ մի երկու ամիս, ինձ զանգահարեցին փոստից և հարցրին, թե ես Ֆրանսիա նամակ գրե՞լ եմ:
Ասացի` այո:
Ինձ կանչեցին փոստի բաժանմունք և ցույց տվեցին նամակը:
Ես հաստատեցի, որ դա իմ նամակն է:
Սկսվեց մի խոսակցություն, որն ինձ համար կարող էր վատ շարունակություն և ավարտ ունենալ:
Բարեբախտաբար, փոխվել էր երկրում քաղաքական իրավիճակը, համեմատաբար թուլացել էին ԿԳԲ-ի խստությունները, և ես փրկվեցի` ընդամենը «քաղաքական դասեր» ստանալով, որ այսուհետ այդ բովանդակությամբ նամակներ չգրեմ:
Նամակն ինձ չտվեցին:
Բարեբախտաբար սևագիրը պահպանվել էր:
Բանտարկությունից 17 տարի հետո Վարուժանին ազատեցին կալանքից և Ապրիլի 24-ին արտաքսեցին Հայաստան: Ես մեծ ցանկություն ունեի հանդիպելու և ուշացումով թեկուզ տալ նրան իմ նամակը:
Ավա՜ղ, չհաջողվեց:
Իմ ընկերներից երկու հոգի անձամբ ճանաչում էին Վարուժանին, խոստացան ինձ այդ հանդիպումը, բայց ամեն անգամ ինչ-որ պատճառաբանությամբ հետաձգվում էր:
Այդ նամակն ասես իմ հոգու պարտքն է Վարուժանի առաջ:
Նրա հոգին դեռ սավառնում է Հայրենիքի երկնքում, կհասնի երևի նրան…
Լույս իջնի հոգուդ, Հայոց մեծ ցավի վրիժառու, մենք քո վրեժի զինվորներն ենք ու գնալու ենք Երկիր…
Հ,Գ․
2019 թվին որոշեցի Վարուժան Կարապետյանին գրած նամակս հրապարակել թերթում, գրեցի այս նախաբանը, բայց համակարգիչս անսպասելի խափանվեց, մեջը եղած նյութերը մի կերպ փրկեց հարևանս։
Անցավ մի քանի ամիս, մինչև, որ ես նոր համակարգիչ ունեցա, և նախկին համակագչի պարունակությունը չհամակարգված, խառը տեղափոխվեց նորի մեջ, և ես մի քանի օր առաջ անսպասելի հայտնապերեցի թղթապանակներից մեկում և որոշեցի հրատարակել՝որպես պատասխան Փաշինյանի այն կասկածին, թե պետք է պարզել՝ ի՞նչ է եղել․․․
Իսկ սփյուռքահայ մեր եղբայրները նպատակասլաց մեր վրեժն էին լուծում թուրք մարդասպանների հայրենակիցներից, որպեսզի որևէ մեկը չկարծի, որ մենք մոռացել ենք և անտարբեր ենք մեր ողբերգական անցյալի հանդեպ․․․
Ահա այդ նամակը:
Բարև,Վարուժա՛ն:
Բարև,եղբա՛յրս `արյունակից և գաղափարակից:
Կկարծեմ, որ նամակս ստանալով, չպիտի զարմանաս, քանզի քեզ գրողը հայ կին է:
Իմանալով քո բանտարկության մասին` շատ հուզվեցի, բայց և հպարտ եմ քեզանով, որ դու և քեզ պես տասնյակ քաջարի երիտասարդ հայորդիներ ունի իմ Ազգը:
Դու և քո զինակից ընկերները` Հովհաննես Սեմերճյանը և Սիմոն Նաիրյանը, ազատազրկված եք մարդկային անխոհեմ ու քմահաճ կամքով: Բայց ես ավելի քան համոզված եմ` դուք, որ այսօր կգտնվիք կալանքի մեջ, ավելի ազատ եք ու անկախ ոգով և մտքով, քան նրանք, որ ձեր ազատազրկման դատավճիռը կարդացին և իրականացրին: Նրանք գերին և բանտարկյալն են իրենց և այլոց հորինած անմարդկային քաղաքական խաղերի:
Ձեզ դատապարտողներն այդպես էլ չեն հասկանա, թե որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում ոգու և մարմնի ազատությունը:
Վարուժա՛ն, եղբա՛յրս, ինձ համար չափազանց ծանր է մտովին անգամ պատկերացնել, որ քեզ ազատազրկել են ցմահ:
Ների՛ր, որ մի ավելորդ անգամ բորբոքում եմ քո հուշերը: Բայց շտապում եմ քեզ հավատացնել, որ այն ազատությունը, որ մենք ունինք, Աստծո և բնության պարգևած ազատությունը չէ բնավ:
Ահա, լսե՛, թե ինչ եմ գրել ես տարիներ առաջ.
**
Ազատ է, ասում են, մարդն իր ծնունդով:
Ազատ է հոգով, սիրել-ատելու
Իր իրավունքով:
Ասում են, իբրև չի կարող ոչ ոք
Արգելել երբեք մարդ արարածի
Լույս աշխարհ գալը,
Ոչ ոք չի կարող բռնանալ երբեք
Նրա զգացմունքին, հոգու թռիչքին:
Բայց ինչպե՞ս եղավ, և ո՞վ հորինեց
Ազատազրկման գրված- չգրված
Օրենքները այն, որոնցով մարդը
Իր իսկ նմանին դատապարտել է
Ազատազրկման`
Կատարած հանցանք- զանցանքի համար:
Իսկ Աստծո ստեղծած մյուս գոյերին
Զրկել բնության տված պարգևից:
Եվ ո՞վ էր արդյոք մարդն այն առաջին,
Որ ազատության արժեքն ու գինը
Լավ է իմացել ,
Եվ որպես պատիժ` մեծ ու գերագույն,
Սահմանել է նա ազատազրկում,
Եվ հետո միայն բիրտ մահապատիժ`
Գլխատում ` արյունոտ կառափնարանում,
Կախաղան` հատուկ կանգնեցրած սյունից
Եվ Խաչելություն…
Մենք նույնպես ազատազրկված ենք, քանզի մեր մտքին, կամքին, մեր հոգու և ոգու վրա բռնանալով` կկաշկանդեն մեր ազատությունը: Իսկ մարմնի ազատությունը սոսկ երևութական է:
Վարուժա՛ն, եղբա՛յրս, նամակը, որ գրում եմ քեզ, բնավ էլ քո պարապ ժամանակդ մի քանի րոպեով լցնելու նպատակը չունի: Գիտեմ, որ քեզ պես հայորդին այդտեղ անգամ պարապ ժամանակ չի կարող ունենալ, քանզի դու ազատ ես ոգով և մտքով, քեզ համար չկա ոչ մի սահմանափակում, ոչ մի արգելք և ոչ մի անորոշություն, իսկ պարապ ժամանակը անորոշ և անհեռանկար ապրելու հետևանք է:
Նամակիս նպատակը ինձ այդ անորոշությունից փրկելն է, և քեզնից է, որ ես կուզեմ ոգու և մտքի ներարկում ստանալ:
Թեև ես էլ, որքան որ ինքզինքս կհիշեմ, իմ Ազգի, իմ ժողովրդի ու Հայրենիքիս ապագայի հարցում երբեք հոռետես չեմ եղած:
Բայց այսօր այլ է քաղաքական իրավիճակը: Ասես ինչ-որ մեկի դաժան քմահաճությամբ նորից ու դարձյալ կրկնվում է դարասկզբի` 1918-1920 թվականների պատմությունը, և մենք դարձյալ և կրկին կանգնած ենք աշխարհին դեմհանդիման` մենակ՝ մեր արդար և որևէ ազգի կամ պետության շահերին չվնասող, մեր զուտ մարդկային ձգտումներով:
Եվ ցավալիորեն, այս էլ քանի դար, հայ ժողովրդի շահը երբեք չի համընկնում հարևան կամ որևէ հեռավոր պետության շահերին: Դա, իմ կարծիքով, Աստծո կողմից մեզ տրված շնորհ է ու պատիվ, քանզի մեր ազգն իր քաղաքական խնդիրները լուծելիս երբեք այլոց դժբախտություն չի պատճառել: Սա միայն վեհանձն ու աստվածամերձ Ազգին է հատուկ: Թող աշխարհի ժողովուրդները վերանայեն իրենց անբարոյական քաղաքականությունը և շահ չփնտրեն այնտեղ, որտեղ ուրիշների արյունն է հոսում և հայրենիքն է կործանվում:
Բայց համոզված եմ, որ հաղթարշավի կելնի հայ զինվորի ոգին:
Վարուժա՛ն, եղբա՛յրս, ների՛ր, նամակս կարծես մռայլ ստացվեցավ, բայց պատճառ չունիմ հրճվալից բառեր գրելու:
Սակայն կգրեմ քեզ, որպեսզի իմանաս, որ քո ազգի կանայք` քո քույրերը, չեն դադարել անհրաժեշտության դեպքում զինվոր լինելուց:
Վարուժա՛ն, եղբա՛յրս, գրելով նամակս, կհուսամ, որ ինձ կպատասխանես, բայց երբեք չեմ պարտավորեցնի քեզ:
Ահա,այսքանը:
Սիրով և ակնածանքով սեղմում եմ ուժեղ և կորովի ձեռքդ:
Սիրով` Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ
Երևան,1989թ.
Հ․Գ.
1989 թվին դեռ գրական անունս՝
Մարի Բարսեղյան-Խանջյան, չէի ընդունել։
Top of Form